Հանգստանալով Թեժ Լեռ հանգստյան տանը կարող եք ուղևորվել մոտակա տեսարժան վայրերը, մասնավորապես` Ալավերդու և Դիլիջանի ուղղություններով:
Հաղպատ
Կիրճի վրա վեր խոյացող Հաղպատի վանքը Հայաստանի ամենագեղեցիկ վանքերից է, որն, ինչպես և Սանահինը, հիմնադրվել է Խոսրովանուշ թագուհու կողմից մոտ 976 թվականին: Միջնադարում Հաղպատը եղել է խոշոր կրթական կենտրոն: Համալիրը (10-13-րդ դարեր) բաղկացած է հրաշակերտ եկեղեցիներից (Սբ. Նշան, Սբ. Գրիգոր), մատուռներից և դամբարաններից, զանգակատնից, գրադարանից և այլն:
Սանահին
Միջնադարյան գիտական ու կրթական մեկ այլ կարևոր կենտրոն է Սանահինի գեղեցկազարդ վանական համալիրը: Այն հիմնադրվել է 966 թվականին Աշոտ III Բագրատունի թագավորի կնոջ՝ Խոսրովանուշի կողմից՝ նախապես գոյություն ունեցող 10-րդ դարի Սբ. Աստվածածին եկեղեցու կողքին նոր Ամենափրկիչ եկեղեցու կառուցմամբ:
Օձուն
Հսկա սարահարթի վրա, գյուղի հիմնական ճանապարհից 100 մետր հեռավորության վրա գտնվում է Օձունը՝ 7-րդ դարասկզբի իր հայտի եկեղեցիով: Այն կառուցվել է Օձունի Հովնան Կաթողիկոսի կողմից: Եկեղեցու կողքին գտնվում է եզակի մի հուշակոթող՝ իր երկու ուղղաձիգ խոյակներով եւ ավետարանական թեմաների պատկերներով: Օձունը հայտնի է նաեւ իր ավիրված 7-րդ դարի Ծիրանավոր բազիլիկով եւ գեղեցիկ խաչքարերով:
Հաղարծին
Հաղարծին վանքային համալիրը (X-XIII դդ.) գտնվում է Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հյուսիս (պատմական Ձորափոր գավառում)։ Համալիրը կազմավորվել է տարբեր ժամանակներում կառուցված շենքերից, այդ թվում` 3 եկեղեցի, 2 գավիթ (մեկը` ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր և այլն։ Եկեղեցիներից ամենահինը Ս.Գրիգորն է (մոտ X դ.):
Գոշավանք
Տավուշի մարզի Գոշ գյուղում, Գետիկ գետի ափին, գտնվում է XII-XIII դդ. կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը` Գոշավանք (Նոր Գետիկ) վանքային համալիրը։ Երկրաշարժից փլված Գետիկ վանքի փոխարեն 1188 թ., իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, այն հիմնադրել է Մխիթար Գոշը` անվանելով Նոր Գետիկ։ Իսկ Գոշի մահվանից (1213 թ.) հետո անվանումը փոխվել է Գոշավանքի։ Համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում Պողոս վարպետի հիասքանչ «ասեղնագործ» խաչքարերը։